Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը՝ փորձել Արցախյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, դատապարտված են անհաջողության. Է. Շարմազանով
Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար ոչ այլ ինչ է, քան Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Բայց սա ձախողված փորձ է, որովհետև Արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելը անբարոյականություն է, և դրա վառ ապացույցը Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումն է Արցախյան հիմնահարցում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը գտնում է, որ մեր հարևան Իրանն ու շատ այլ մահմեդական երկրներ, ունեն բավականին հավասարակշռված մոտեցում: Ըստ նրա՝ այլոց հավասարակշռված մոտեցումը փաստում է, որ Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը՝ փորձել Արցախյան հիմնահարցին տալ կրոնական երանգ ՝ դատապարտված են անհաջողության:
«Արցախի ժողովրդի պայքարը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության պայքար է, պայքար է ազատության, անկախության, որը ուշ թե շուտ պսակվելու է հաջողությամբ, Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը, ուզեն Ադրբեջանում թե չուզեն, դա է ցույց տալիս պատմությունը»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: