Միջազգային ավիացիոն կոմիտեն վերծանել է Ան-148-ի ձայնային ինքնագրիչի տեղեկատվությունը
Միջազգային ավիացիոն կոմիտեն պատճենել և վերծանել է Մերձմոսկվայում վթարված Ան-148 ինքնաթիռի ձայնային ինքնագրիչի տեղեկատվությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, օդանավի ձայնային ինքնագրիչը ֆիքսել էր վերջին թռիչքի ձայնագրությունը: Փորձագետներին հաջողվել է հաստատել առաջին՝ պարամետրային ինքնագրիչի վերծանման ժամանակ ստացված տեղեկությունը:
Այն ժամանակ վերլուծությունը ցույց էր տվել, որ աղետը կարող էր տեղի ունեցած լինել թռիչքի արագության տվյալների տարբերության պատճառով, որոնք օդաչուներն ստացել են օդանավի սարքերից: Խնդիրներն, ամենայն հավանականությամբ, կապված են եղել ինքնաթիռի արագությունը չափող բարձր ճնշման ընդունիչների սառցակալման հետ:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարվել է կիրակի, ինչի հետևանքով զոհվել է 71 մարդ, նրանց թվում՝ երկու հայ: