Քսենիա Սոբչակն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը ներառվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, վերջինիս մեղադրում են Ուկրաինայի պետական սահմանի խախտման և Ղրիմ կատարած անօրինական այցելության համար:
«Ուկրաինայի պետական սահմանի գիտակցաբար խախտումը 2014-ի ապրիլին՝ Ռուսաստանի կողմից շրջափակված Ղրիմ ներխուժելու նպատակով: Հասարակական կարևորության տեղեկատվության շահարկումը՝ քաղաքական շահաբաժին ստանալու նպատակով», - Սոբչակին ուղղված մեղադրանքները նշել են կայքի ստեղծողները:
«Միրոտվորեց» կենտրոնը անկախ ոչ պետական կազմակերպություն է, որն ստեղծվել է մի խումբ գիտնականների, լրագրողների և ազգային անվտանգության հարցերն ուսումնասիրող մասնագետների կողմից: Կենտրոնի կայքում հրապարակվում են այն մարդկանց տվյալները, որոնց գործունեությունը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը: