Որդու բուժման համար Հայաստանից Գերմանիա մեկնած հայ ընտանիքին պատրաստվում են արտաքսել երկրից
Գերմանիայի Էսսեն քաղաքի բնակիչները ակցիա են կազմակերպել՝ աջակցելու Հայաստանից բուժման համար Գերմանիա տեղափոխված 14-ամյա Էդգար Ս.-ին, որին ցանկանում են արտաքսել երկրից: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով գերմանական պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Էդգարի մոտ Հոջկինի լիմֆոմա է ախտորոշվել: Որդու կյանքը փրկելու համար ծնողները երկու տարի առաջ վաճառել են իրենց ունեցվածքը և տեղափոխվել Գերմանիա, որտեղ դիմում են ներկայացրել ապաստան ստանալու համար: Որդուն նրանք անմիջապես բուժման են ուղարկել Էսսենի համալսարանական հիվանդանոցի մանկական օնկոլոգիայի բաժին, որտեղ տղային անմիջապես քիմիաթերապիա են նշանակել: Վերջերս միգրացիոն հարցերով գերատեսչությունը նրանց տեղեկացրել է մոտալուտ արտաքսման մասին հայրենիք՝ որպես ծագման անվտանգ երկիր:
Աղբյուրը նշում է, որ արտաքսման պարագայում կընդհատվի Էդգարի միակ արդյունավետ բուժումը։ Նա բուժմանը զուգահեռ դպրոց է հաճախում և բարձր առաջադիմություն ունի:
Դպրոցի տնօրենը, որտեղ Էդգարը սովորում է, խոստովանել է, որ ինքը, ինչպես նաև քաղաքի բնակիչները ցնցված են արտաքսման մասին որոշմամբ: Էդգարի համադասարանցիներն ու դպրոցի մյուս սաները 1000 ստորագրություն են հավաքել՝ նրան Հայաստան արտաքսելու դեմ:
Արտաքսման մասին գործով լսումները կկայանան մարտի 15-ին: