Երբ մեկը ցանկանում է օգտակար լինել, և խոսքը դրամական հոսքի, աջակցության մասին է, պարտավոր ենք հանդիպել. ԿԳ նախարարը` «Չումբո» խմբի հետ հանդիպման մասին
Երբ որևէ մեկը ցանկանում է օգտակար լինել և խոսքը դրամական հոսքի, աջակցության մասին է, պարտավոր ենք հանդիպել. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսկերպ արձագանքեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով «Չումբո» նախաձեռնող խմբի այն հայտարարությանը, թե հանդիպել են Կրթության նախարարին և փոխնախարարին և «երկու ժամ տևած ջերմ զրույցի ավարտին որոշվել է Հայաստանի բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը վստահել «Չումբո»-ին»։
«Հանդիպումից հետո կարող ենք ասել, որ որևէ ծրագիր չկա, որևէ ֆինանսական հոսքերի հստակություն չկա և այս թեման փակ է: Այդ մասին նախարարությունը հայտարարությամբ հանդես եկել է»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն ինչպե՞ս է վերաբերում «Չումբո» խմբի գործունեությանը, նախարարը պատասխանեց, որ նախաձեռնության համար պետք է հստակ ծրագիր լինի, որպեսզի կարողանանք գնահատել: Նրա կարծիքով՝ ծրագիրը պետք է ունենա ֆինանսական միջոցների հաշվետվություն:
«Եթե առանձին միջոցառում է, օրինակ՝ վարձում են պարուսույցներ և երեխաներին դասերից հետո պարել են սովորեցնում, որևէ խնդիր չունենք, որովհետև գիտենք՝ պարուսույցներն ովքեր են: Կամ, եթե հատուկ կարիք ունեցող երեխաներին օգնություն են ցուցաբերում, դրանք նույնպես առանձին միջոցառումներ են, որ միշտ կարող ենք քննարկել, բայց եթե խոսում ենք համալիր ծրագրի մասին, ապա պետք է հասկանանք` ովքեր են, ինչ ֆինանսական հոսքեր կան, որտեղից են գոյանում, եթե դրսից են` ՀՀ-ից դուրս են հովանավորները, ինչ ընկերություն է ներկայացնում, ինչպես են գոյանում նրանց միջոցները, այս ամենն առանց հստակեցնելու, ծրագրի մասին խոսել չենք կարող»,- շարունակեց Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ «Չումբո» նախաձեռնող խումբն օրերս հայտարարություն էր տարածել, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումից հետո որոշվել է ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը, կրթամշակութային միջոցառումների զարգացումը, վերջին զանգի տոնախմբությունների իրենց տարբերակով փոփոխված և ավելի միասնական ու հետաքրքիր կազմակերպումները վստահել «Չումբո նախաձեռնող խմբին»: