Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը շուտով կավարտվի, կյանքին վտանգ չի սպառնում. վերակենդանացման բաժանմունքի վարիչ
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունին, հայտնեց, որ տուժածների մեծ մասի վիճակը բավարար է, միջին ծանրության. մեկ աղջիկ վիրահատվում է:
«Վիրահատությունը մոտակա ժամերի ընթացքում կավարտվի, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա և նշեց, որ արդեն 1.5 ժամ է՝ վիրահատությունը սկսվել է և մոտենում է ավարտին:
Ինչ վերաբերում է հարցին, թե մոտակա ժամերին դուրս գրվողներ կլինեն, նա պատասխանեց. «Հավանաբար կլինեն. 3-4 հոգի ուզում են դուրս գրվել, բայց հսկողության տակ ենք պահում»,- ասաց Կարապետյանը:
Նա հավելեց՝ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, հավանաբար վաղվա ընթացքում տուժածների մեծ մասը դուրս կգրվի:
Բաժնի վարիչը հայտնեց նաև, որ երկու հոգի Իրանի քաղաքացիներ են, երեքը՝ ՌԴ-ի, երեքը՝ ՀՀ-ի:
Ավելի վաղ Ոստիկանության կենտրոնական բաժնի Համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի տեսուչ կապիտան Բարսեղյանը լրագրողներին հայտնել է, որ ներկա պահին կա 8 տուժած, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: