ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել օտարերկրյա իշխանությունների հարցաքննությունից ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու մասին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում Սպիտակ տանը օտարերկրացիների հարցաքննություններից պաշտպանել գործող և նախկին ամերիկացի դեսպաններին, ինչպես նաև այլ պաշտոնական անձանց:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, բանաձևն ընդունվել է ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փոխադարձ սկզբունքով հարցաքննությունների մասին առաջարկին, որն Սպիտակ տունն արդեն մերժել էր:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 98 սենատոր, դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել, երկու սենատոր չի քվեարկել: Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում և ոչինչ չի պարտադրում վարաչակազմին:
Երկուշաբթի Վլադիմիր Պուտինն ամերիկացի պաշտոնակցի՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը համագործակցություն էր առաջարկել ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակ հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ կասկածվող 12 ռուս անձանց գործում: Պուտինը հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ում ռուս մասնագետների ներկայությամբ կհարցաքննեն նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, որոնց Մոսկվան կասկածում է ՌԴ տարածքում հանցագործություն իրականացնելու մեջ: