Շակիրան ցուցմունք է տվել դատարանում. երգչուհուն մեղադրում են գրագողության մեջ իր ամենահայտնի երգերից մեկի համար
Կոլումբիացի երգչուհի Շակիրան չորեքշաբթի մադրիդյան դատարանի առաջ է կանգնել՝ գրագողության մեղադրանքով. կուբացի Լիվան Կաստելյանոս Վալդեսը հայտարարել է, որ երգչուհին կրկնօրինակել է 22 տարի առաջ իր գրած երգի մի մասը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, խոսքը La Bicicleta («Հեծանիվ») երգի մասին է, որը Շակիրան 2016-ին ձայնագրել է կոլումբիացի երգիչ Կառլոս Վիվեսի հետ, և որը Youtube-ում մեկ մլրդ-ից ավելի դիտում է հավաքել:
Կուբացի երգիչը հայտարարել է, որ երգում օգտագործվել են 1997 թվականին գրված Yo te quiero tanto («Ես քեզ այնքան սիրում եմ») երգի հատվածները:
Ելույթ ունենալով դատարանում՝ Շակիրան հերքել է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները: «Լսելով Վալդեսի երգը՝ ես նկատել եմ, որ ոչ մի նմանություն չկա՝ ո՛չ մեղեդու առումով, ո՛չ թեմայի», - նշել է երգչուհին: Նա փորձել է դատավորին ներկայացնել սալսայի և վալլենատոյի (կոլումբիական ազգային երաժշտական ժանր) տարբերությունը, ինչի համար նա սկսել է ծափ տալ և երգել մեղեդիները:
Վիվեսն, իր հերթին, դատական նիստի ավարտին հայտնել է, որ երբեք չի լսել հայցվորի երգը: Շակիրայից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև Վիվեսին և կոմպոզիտոր Անդրես Էդուարդո Կաստրոյին: