Մենք չենք ուզում, որ գեներալական, նախարարական կամ որևէ կարգավիճակ մեզ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ. Փաշինյան
Ասում են` Փաշինյանը թուլացնում է բանակն ու գեներալիտետը: 100 փաստ նոր Հայաստանի մասին սեպտեմբերի 16-ին իմ կողմից հրապարակված 31-41-րդ կետերում ներկայացրել եմ, թե այս ընթացքում ինչ է արել մեր կառավարությունը բանակի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող եք բացել և կարդալ այդ կետերը: 2019-ի ամառային զորակոչի ընթացքում զորակոչվել է կանխատեսվածից 15 տոկոս ավել քաղաքացի: Սա կառավարության նոր վերաբերմունքի արդյունք է բանակի վերաբերյալ:
Ասում են, թե մեր կառավարությունը գեներալիտետին վարկաբեկում և թուլացնում է: Սա ասվում է այն համատեքստում, որ կան բոլորիդ հայտնի քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Դա գաղտնիք չէ, բայց մենք միթե չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Միթե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, այնպիսի իրավիճակ, որ գեներալական, նախարարական կամ որևէ կարգավիճակ մեզ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն այս համատեքստում ուզում եմ արձանագրել, թե այս 1,5 տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձևակերպել: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց իմ նախաձեռնությամբ, ՀՀ նախագահի ստորագրությամբ ՀՀ մի շարք զինվորականներ ստացել են գեներալական կոչումներ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ 1,5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը նյութական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետությանը: Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը 3 մլրդ դրամի հավելյալ օգնություն է հատկացրել Արցախի կառավարությանը` զինվորական թոշակառուների բնակարանային հարցը լուծելի համար: