Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ մեծացել է՝ 38-ից հասնելով 57-ի
Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 38-ից հասել է 57-ի: Այս մասին հաղորդում է France Info պորտալը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանին:
«Համաճարակի նոր էտապն անցել է… Վարակը շարժվում է մեր տարածքում, և մենք պետք է դանդաղեցնենք դրա տարածումը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ընդգծել է նա:
Խոսելով նախազգուշական միջոցառումների մասին՝ նախարարը խորհուրդ է տվել «խուսափել ձեռքսեղմումներից» և «զգույշ լինել փխրուն առողջություն ունեցող մարդկանց հետ»: Նա նաև կոչ է արել հաճախակի լվանալ ձեռքերը, փռշտալիս փակել բերանը և օգտագործել մեկանգամյա օգտագործման թաշկինակներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վարակվածների թիվը 18-ից կտրուկ հասել է 38-ի: Գրանցվել էր նաև մահվան 2 դեպք: Վիրուսի հետևանքով մահացածներից մեկը չինացի զբոսաշրջիկ էր, մյուսը՝ ֆրանսիացի: