Johnson & Johnson ընկերությունը մտադիր է 2021թ.-ին կորոնավիրուսի դեմ 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել
Դեղագործական արտադրությամբ զբաղվող ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը հույս ունի 2021 թվականին մինչև 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ ստանալ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել ընկերության ղեկավար Պոլ Սթոֆելսը:
«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, որպեսզի 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ ստեղծենք հաջորդ տարի»,- ընդգծել է Սթոֆելսը՝ նշելով, որ կլինիկական փորձարկումները մտադիր են սկսել սեպտեմբերին: Նրա խոսքով՝ արտադրությունը կմեկնարկի 2020 թվականի վերջին:
«Մենք միայն ուրախ կլինեինք, եթե համավարակն անցներ առանց պատվաստանյութի ստեղծման անհրաժեշտության, սակայն չենք կարծում, որ այդպես կլինի»,- հավելել է ընկերության ղեկավարը:
ԱՄՆ առողջապահության նախարարությանն առընթեր հետազոտությունների կենսաբժշկական վարչության հետ պատվաստանյութի մշակման համար ավելի քան 1 մլրդ դոլար կհատկացվի: