Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 400 մլն չափաբաժին կստանան մինչև տարեվերջ
Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները համաձայնագիր են ստորագրել AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության հետ կորոնավիրուսի պատվաստանյութի 400 մլն չափաբաժնի մատակարարման վերաբերյալ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան՝ նշելով, որ առաջին խմբաքանակը պետք է մատակարարվի մինչև տարեվերջ:
«Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների առողջապահության նախարարների հետ միասին մենք համաձայնագիր ենք ստորագրել AstraZeneca ընկերության հետ մինչև 400 մլն չափաբաժին պատվաստանյութ մատակարարելու մասին, որը կբաշխվի Եվրոպայի բնակչության միջև: Համաձայնագրի պայմանները նախատեսում են, որ աշնանը փորձարկման շրջանի ավարտվելուց հետո առաջին խմբաքանակները կստացվեն մինչև տարեվերջ»,- գրել է Սպերանցան՝ մասնավորեցնելով, որ խոսքն Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութի մասին է: