Իսպանիայում արտակարգ դրության չեղարկումից կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով ևս մեկ շրջանում մեկուսացում է սահմանվել. El País
Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի կառավարությունը, կորոնավիրուսով վարակման դեպքերի աճով պայմանավորված, որոշում է կայացրել մեկուսացնել Լուգո նահանգում գտնվող շրջանը, որտեղ 71 000 մարդ է բնակվում:
Ինչպես տեղեկացնում է El País-ը, սահմանափակումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի օրվանից և կգործի առնվազն 5 օր: Հուլիսի 12-ին Գալիսիայում տեղական խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:
Հիշեցնենք, որ նախօրեին Կատալոնիայի իշխանությունները ևս որոշել էին մեկուսացման ռեժիմ սահմանել Լյեյդա նահանգի Սեգրիա շրջանում, որտեղ ավելի քան 200 000 մարդ է բնակվում: Սահմանափակումների պատճառը կրկին կորոնավիրուսով վարակման դեպքերի բռնկումն է: Մեկուսացման ռեժիմի խախտման համար տեղի իշխանությունները մինչև 600 եվրո տուգանք են սահմանել:
Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբից ի վեր վարակվել է ավելի քան 297 հազար մարդ, մահացել՝ 28 385-ը: Երկրում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել մարտի կեսերից, որն այնուհետև երկարաձգվել էր 6 անգամ: Արտակարգ դրության ռեժիմը երկրում չեղարկվել է հունիսի 21-ին: