Արհամարհական վերաբերմունք մի պետության նկատմամբ, որի հետ պատրաստվում են կապերն ամրապնդել․ ՌԴ դեսպանատունն արձագանքել է ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու լուրին
«Տարակուսանք է հարուցում, որ դա Կանադայի ԱԳՆ-ի կողմից մատուցվել է որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքը՝ Կանադայի դեսպանատուն բացելու «հիմնավորմանը»
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Հայաստանում Կանադայի դեսպանատներ հիմնելու վերաբերյալ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունում տեղ գտած որոշ ձևակերպումներին։
«Ուշադրություն դարձրեցինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանը՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին: Ամեն ինչ նորմալ կլիներ, բայց տարակուսանք է հարուցում այն, որ համաձայն ԶԼՄ-ների, այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն»: Զարմացնում է այդքան անթաքույց ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որի հետ, կարծես թե, պատրաստվում են ամրապնդել երկկողմանի կապերը:
Ակամայից մտածում ես՝ ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա։
Ինչպես երևում է, այս սյուժեն պատկերավոր է այն տեսանկյունից, թե ինչպես են իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակներն ընկալում մնացած աշխարհը:
Այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ հենց այսպիսի ամբարտավան և երբեմն էլ ինքնահավան վերաբերմունքն է, որն ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,- ասված է ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ: