Չինաստանի պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել են Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը, սակայն արգելել մուտք գործել Վեսթմինսթերյան պալատ․ Politico
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավեր ստացած Չինաստանի կառավարական պատվիրակությանն արգելվել է ներկա գտնվել Վեսթմինսթերյան պալատում բրիտանական միապետի դագաղի մոտ կայանալիք արարողությանը, գրում է Politico-ն։ Պարբերականի տվյալներով՝ թագավորության խորհրդարանը մերժել է Չինաստանի ներկայացուցիչներին մասնակցելու թույլտվություն տալ։
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլն իր գործընկերներին տեղեկացրել է, որ մերժել է Պեկինի՝ Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Վեսթմինսթերյան պալատ մուտք գործելու խնդրանքը։ Չնայած Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի կողմից մասնակցության հրավերին՝ պատվիրակությունը չի կարողանա անտեսել այս արգելքը, քանի որ խորհրդարանի շենքում իշխանությունը դրա երկու պալատների՝ Համայնքների պալատի և Լորդերի պալատի ներկայացուցիչների ձեռքում է։
Նմանատիպ արգելքի հետևանքով Լոնդոնում Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանը նախորդ տարվանից իրավունք չունի այցելել Վեսթմինսթերյան պալատ։ Բրիտանական խորհրդարանը դիվանագետի նկատմամբ նման արգելք է սահմանել ի պատասխան Պեկինի՝ բրիտանացի մի շարք քաղաքական գործիչների դեմ սահմանված պատժամիջոցներին։ Պատժամիջոցների պատճառը ՉԺՀ-ին ուղղված քննադատություններին էին Չինաստանի Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանում ույղուրների նկատմամբ ենթադրյալ հալածանքների համար։
Միևնույն ժամանակ պարբերականը չի բացառում, որ Չինաստանի պատվիրակությունն այնուամենայնիվ ներկա կգտնվի Եղիսաբեթ II-ին նվիրված միջոցառմանը, սակայն չի կարողանա մասնակցել պալատում կայանալիք հրաժեշտի արարողությանը։
Politico-ն նաև ընդգծում է, որ նման իրավիճակը դժվար թե դրական ազդեցություն ունենա չին-բրիտանական հարաբերությունների վրա։