Փետրվարից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 17 հազար խաղաղ բնակիչ․ ՄԱԿ
Ուկրաինայում 2022 թվականի փետրվարից սպանված խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է 17 հազարը, այդ թվում՝ ավելի քան 400 երեխա։ Նման տվյալներ է հաղորդել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը։
«Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ 2022 թվականի փետրվարի 24-ից դեկտեմբերի 1-ը զոհվել է 17023 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 419 երեխա: Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ իրական թիվը շատ ավելին է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրանցել է 715 հարձակում առողջապահական ենթակառուցվածքների վրա»,- ասել է նա։
Գրիֆիթսը չի հստակեցրել, թե որ տարածքներում է գրանցվել խաղաղ բնակիչների մահը։
«Ընդհանուր առմամբ, մոտ 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները, նրանցից 6,5 միլիոնը մնում է Ուկրաինայում, ավելի քան 7,8 միլիոնը՝ Եվրոպայում են», - հավելել է նա։