Ուզում եմ իմ հայրենիքի համար ապրել, ոչ թե մեռնել, տեսնել հաղթանակը և փոխանցել սերունդներին. Արցախցի ռեփեր Լյոկա
2020թ. նոյեմբերին տնից արցախցի ռեփեր Լյոկան՝ Վալերի Ղազարյանը, վերցրեց եղբոր երեխաների դասագրքերը, հին լուսանկարները, հիշողությունները, դռան վրա նռնակներ դրեց ու հեռացավ Նոր Մարաղայից: Այնտեղ նա թողեց ամենաթանկը՝ մոր և եղբոր շիրիմներն ու նպատակով տնկված նռան այգին: Պատերազմից հինգ տարի առաջ էին նռան այգի տնկել, այս տարի պետք է հավաքեին առաջին բերքը: Չհասցրին: Եղբոր երեխաների համար էր այգին, որ բերքից ստացած եկամուտը ծառայեր նրանց կրթության համար: