Մեր բանակցային փաթեթը ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը չորս հանդիպում մերժել է․ Նիկոլ Փաշինյան
Շատ կարևոր է, որ բանակցային գործընթացը որոշակի կանխատեսելիություն ունենա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ հիմա պետք է գնան բանակցություններ, և շատ կարևոր է, որ դրանք հիմնվեն արդեն իսկ բրյուսելյան հարթակում համաձայնեցված երեք սկզբունքների վրա։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը շարունակվում է, այդ թվում՝ առցանց ռեժիմով, քանի որ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում իր առաջարկներն ու սպասում է նրանց արձագանքներին։
«Իրենք մեզ մեղադրում էին, որ երկու ամիս չէինք տալիս։ Ի՞նչն էր դրա պատճառը։ Մեր առաջարկները պատրաստ էին, և առաջիկայում նախատեսվում էին հանդիպումներ, բայց իրադրությունները զարգանում են, նաև որոշակի ըմբռնում է պետք ձևավորել։ Մեր բանակցային փաթեթը ձգձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանը չորս հանդիպում իրար վրա մերժել է։ Այդ բոլոր հանդիպումներն այս բանակցային փաթեթի փոխանցման պրոցեսի մասն էին։ Բայց հիմա էլ ես համարում եմ, որ բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որովհետև հիմա, եթե առերես քննարկել չի հաջողվում, այդ աշխատանքն էլ բանակցություն։ Չնայած՝ աշխատանքային մակարդակում շփումներ կան, այն շփումները, որոնց մասին խոսել ենք, գիտեք, և կարող են նաև նոր շփումներ լինել», - ասել է նա։