Վրաստանի նախագահն ասել է, որ իրեն հնարավորություն չի տրվել Թբիլիսիում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջից։
«Վրաստանի նախագահը ողջունում է ՀՀ վարչապետի այցը երկիր, բայց ցավալի է, որ Վրաստան կատարած այցի ընթացքում նախագահին հնարավորություն չի տրվել հանդիպելու և պատշաճ ընդունելու երկրների ղեկավարներին։
Ցավալի և ուշագրավ է նաև, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: