Պատճառը քաղաքական չէ, առաջնորդվում ենք բացառապես օրենքով․ Արագածոտնի մարզպետարանը՝ Բյուրականի դպրոցի տնօրենի՝ նկատողության մասին
Արագածոտի մարզպետարանից Tert.am-ին հայտնել են, որ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանը երեկ ստացել է 2-րդ նկատողությունը, ինչն, ըստ օրենքի, տնօրենի պաշտոնից ազատման հիմք է։
«Հայտնում ենք, որ նկատողությունը տնօրենը ստացել է աշխատանքային կարգապահությունը խախտելու հիմքով։ Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքային ժամին, տնօրենը և որևէ այլ վարչական աշխատող դպրոցում չեն եղել՝ տնօրենի կողմից խախտվել են ուսումնական հաստատությունում ներքին կարգապահական և աշխատանքային ռեժիմի պահպանման կանոնները։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ տնօրենին պաշտոնից ազատելու հիմքը քաղաքական է կամ այլ՝ չի համապատասխանում իրականությանը։ Արագածոտնի մարզպետի աշխատակազմն աշխատանքում առաջնորդվում է բացառապես օրենքով»,- գրված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրուցում դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհին հայտնել է, որ դպրոցում սկսել են դասադուլ ու գործադուլ՝ տնօրենին հայտարարված նկատողության չեղարկման պահանջով։ Ուսուցչուհին նշել էր, որ իրենց տեղի ունեցածը համարում են քաղաքական հետապնդում։