Ոստիկանները ցրել են ՊՊԾ գնդի զավթած շենքը գրաված զինված խմբավորմանը աջակցող ցուցարարների երթը
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանության աշխատակիցները ցրեցին Խորենացի փողոցի հատվածում՝ ՊՊԾ գնդի շենքից ոչ շատ հեռու անցկացվող ցույցը:
Բողոքի ակցիան սկսվեց ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում, ապա ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՊՊԾ գնդի զավթած շենքի տարածք, ուր նրանց ճանապարհը արգելափակեց ոստիկաններից կազմված շղթան։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ տեղի ունեցան:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ անկարգություններ առաջացրեցին քաղաքացիական հագուստ հագած ոստիկանները, որոնք մարդկանց վրա քարեր էին նետում:
Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ, ակցիայի տարածքում լսվում էին կրակոցներ և պայթյունների ձայներ։ Իրավապահները ձերբակալություններ են իրականացնում, ակցիայի մասնակիցների շարքում կան վիրավորներ:
Ակցիայի ցրման ժամանակ տուժել են «Ազատություն» ռ/կ-ի, CivilNet.TV և ռուսական «Լայֆ» պարբերականի լրագրողները:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Հովհաննես Մովսիսյանը, Սարի թաղում իր և իր գործընլերոջ վրա հարձակվել են, ջարդել տեխնիկան: Նրա խոսքով, այնտեղ դեռ շարունակվում են ձերբակալումները, ինչպես նաև քաղաքացիների ծեծի են ենթարկում քաղաքացիական հագուստով անձինք:
Մարդիկ փախչում են տարբեր կողմեր, նրանց շրջանում կան վիրավորներ: Բախումների վայր են ժամանում «ՇտապօգնությանԾ մեքենաներ:
Ընդդիմադիր ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ Երևանում անցկացվող ակցիայի մասնակիցների դեմ, ովքեր աջակցում են ՊՊԾ գնդի շենքը գրաված խմբի անդամներին:
Ակցիայի անցկացման վայրում լսվում են պայթյուններ, որոնք նման են կրակոցների:
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է Խորենացի փողոցում, որտեղ քիչ առաջ լրացուցիչ ոստիկանական ուժեր բերվեցին։
Ոստիկանությունը րոպեներ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ քաղաքացիների գործողություններն անօրինական են և կոչ արեց դադարեցնել հավաքը։
Հավաքի վայր ժամանեց նաև «Շտապօգնության» մեքենան՝ վատ ինքնազգացողություն ունեցած մի կնոջ օգնություն ցուցաբերելու համար, սակայն կինը հրաժարվեց բուժօգնությունից։ -0-